Հոկտեմբերի 3-ի ժամը 20.00-ի դրությամբ Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում աշխատողներին միացել են Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 6 փրկարար, Գեղարքունիքի մարզից` 27, Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատից ` 12 հրշեջ-փրկարար:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, հողազանգվածի տակ մնացած 35 ավտոմեքենաներից տեսանելի են 24-ը` 8 բեռնատար, 2 կռունկ, պետավտոտեսչության 2 մեքենա, 1 «Կամազ» մակնիշի մեքենա և ևս 11 թեթև մարդատար ավտոմեքենա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի:
Հինգ մարդ համարվում է անհետ կորած՝
1. Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երևանի բնակիչ)
2. Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երևանի բնակիչ)
3. Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ)
4. Արթուր Գուգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
5. Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)։